Andrey Leonovitsj Mikaeljan’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro físicu rusu (1925–2010)
Was Scientist 
Physicist 
From Russia 
Type Science 
Gender male
Birth 14 June 1925, Tbilisi
Death 7 July 2010, Moscow
(aged 85 years)

Անդրեյ Լևոնի Միքայելյան (Андрей Леонович Микаэлян, հունիսի 14, 1925, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ – հուլիսի 7, 2010, Մոսկվա, Ռուսաստան), Ռուսաստանի հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990 թ․)։

Հետազոտությունների բնագավառները եղել են ռադիօպտիկան, լազերային ֆիզիկան, հոլոգրաֆիան, օպտիկական հիշողության համակարգերը, նեյրոնային ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Հայտնի է Միքայելյանի ոսպնյակ հասկացությունը, նրա գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակի հաշվարկները։ Բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակ, 1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ։

Կենսագրություն

Հայրական ընտանիք

Հայրը՝ Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը (1867-1943 թ.), ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ XX դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։

Մայրը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։

Եղբայրը՝ Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու։

Կրթություն և պաշտոններ

  • 1949 թ․ ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ռուս.՝ МЭИС)։
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը։
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների դոկտորական ատենախոսությունը։
  • 1957 թ․ շնորհվել է Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
  • 1958 թ․-ից եղել է ԽՍՀՄ Ռադիոօպտիկայի ինստիտուտի («Վեգա» ռադիոշինություն միավորման կազմում) լաբորատորիայի գիտական ղեկավարի, բաժնի և, այնուհետ, տնօրենի պաշտոններում։
  • 1984 թ․ դեկտեմբերի 26-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1990 թ․ դեկտեմբերի 15-ին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1991-2006 թթ․ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար։
  • 2006 թ․-ից՝ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։

Գիտական ձեռքբերումներ

1951 թվականին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում, որոշակի պայմաններում, էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երևույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երևույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաև օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing – ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկայում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինակի անունը՝ Միքայելյանի ոսպնյակ։ Օգտվելով վերոհիշյալ երևույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնարավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Բազմակի կիզակետման երևույթը, որպես գիտական հայտնագործություն, մտցվել է ԽՍՀՄ պետական գրանցման մատյանը (1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ)։

Անդրեյ Միքայելյանը հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆեռիտների հետազոտման և օգտագործման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆեռիտներում ոչ գծային երևույթների տեսությունը։

Եղբոր՝ Միքայել Տեր-Միքայելյանի հետ կատարած մի շարք աշխատանքներ նվիրված են օպտիկական գեներատորներին և ուժեղացուցիչներին։

Պարգևներ

  • Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ․),
  • Աշխատանքային պատվո մեդալ (Զինվորական պատվո մեդալ) (1970 թ․),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1971 թ․),
  • Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (1980 թ․),
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (անգլ.՝ SPIE) Ոսկե մեդալ (1994 թ․),
  • Ռուսաստանի Պետական մրցանակի դափնեկիր (1995 թ․),
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ կարգի շքանշան (1999 թ․),
  • Ալեքսանդր Պոպովի անվան ոսկե մեդալ (2005 թ․)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Հայ ազգ» հիմնադրամի կայքում(ռուս.)
  • Ռուսաստանի ԳԱ կայքում(ռուս.)
  • Ակադեմիկոս Ա․ Լ․ Միքայելյանի 85-ամյակին նվիրված հոդված www.ras.ru կայքում (ռուս.)
  • Ռուսաստանի Компьютерная оптика հանդեսում(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 678)։
You May Also Like